Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանը և Թալին Յակուբյանը նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով գործուն քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ, ինչը, ըստ նրանց, կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության հաստատմանը։
Ամերիկայի հայկական համագումարի տարածած հայտարարության համաձայն նամակի հեղինակները հիշեցրել են Թրամփի հայտարարությունները՝ կապված «Հալածյալ քրիստոնյաների պաշտպանության» և «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության վերականգնման» հետ։ Նրանք ընդգծել են, որ մինչ հայ ռազմագերիները չազատվեն, իսկ Բաքուն չդադարի նման գործելաոճը, իրական խաղաղության հասնել հնարավոր չէ, հայտնում է Արմենպրեսը։
«Մենք Ձեզ կոչ ենք անում օգտագործել Ձեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները հայ գերիների շուտափույթ ազատ արձակման համար»,- նշել են նամակի հեղինակները։
Համանախագահները նաև ընդգծել են, որ անհրաժեշտ են անվտանգության ամուր երաշխիքներ, ինչպես նաև լուրջ հետևանքներ, եթե Ադրբեջանը խախտի իր պարտավորությունները։ Նրանք նշել են, որ Թրամփի նախորդ նախագահության ընթացքում Բաքուն հերթական անգամ ձախողել է կատարել միջազգային իր պարտավորությունները, ներառյալ 2020 թվականի Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Նամակում արտահայտվել է նաև մտահոգություն՝ կապված Հայաստանի ռազմավարական տարածքներում Ադրբեջանի շարունակական ռազմական ներկայության հետ։ Ըստ համանախագահների՝ չնայած Հայաստանի պատրաստակամությանը՝ հասնելու կայուն խաղաղության պայմանագրի, Բաքուն շարունակում է անօրինական դատավարություններ անցկացնել հայ գերիների նկատմամբ։
Համանախագահները հիշեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերի էթնիկ զտումները շարունակում են մնալ չլուծված հումանիտար ճգնաժամ։ Նրանք շեշտել են, որ անհրաժեշտ է ապահովել հայերի իրավունքների պաշտպանությունը, նրանց կարգավիճակի հստակեցումը և վերադառնալու հիմնարար իրավունքի երաշխավորումը։
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա: