Մայր աթոռն ու թեմերը 2024-ին ավելի քան 1․5 մլն դոլար (ավելի քան 608 միլիոն դրամի) են հատկացրել Սուրբ Էջմիածնի կողմից իրականացված մարդասիրական ծրագրերին, որոնք ուղղված են սոցիալապես անապահով, Արցախից տեղահանված, զոհված զինծառայողների և բազմազավակ ընտանիքներին ու սփյուռքյան համայնքներին։ Այդ մասիօն ասվել է Գերագույն հոգևոր խորհրդի նիստում, հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Մարտի 11-14-ը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում քննարկվել են 2024 թվականին կատարված աշխատանքները, ինչպես նաև ներկա իրողությունները և մի շարք կարևոր հարցեր։
Ժողովի ընթացքում Գերագույն հոգևոր խորհուրդը լսել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանի զեկույցը, որը վերաբերում էր Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հարցին։
Ժողովի ընթացքում քննարկվել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2024 թվականի գործունեության մասին տեղեկագիրն ու ֆինանսական տարեկան հաշվետվությունը։