15 մարտի 2025 - 17:00 AMT
Սաղաթելյան. Միջազգային դերակատարները նույն ոգևորությամբ ողջունում էին Պրահայի հայտարարությունը

ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ տարբեր երկրների հայտարարություններին, նշել է, որ նրանք նույն ոգևորությամբ ողջունում էին Պրահայի հայտարարությունը, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս։

Նա նշել է, որ այդ ողջույնները ոչ մի արժեք չունեն:

»Փաշինյան-Ալիև հերթական պայմանավորվածությունը տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից ընդունվել է ողջունելի արձագանքով։

Հիշեցնեմ, որ նույն միջազգային դերակատարները նույն ոգևորությամբ ողջունում էին Նիկոլի՝ Պրահայի (2022 թ. հոկտեմբեր) հայտարարությունը, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, ինչի հետևանքով Արցախում տեղի ունեցավ ցեղասպանություն, էթնիկ զտում, հայաթափում, իսկ Արցախում հայերի անվտանգ ապրելու խոստումը մնաց թղթի վրա:

Հետևաբար, այդ ողջույնները ոչ մի արժեք չունեն, իսկ ՀՀ վարչախմբի փորձերը` դա ժողովրդի վրա վաճառել իբրև ձեռքբերում, դատապարտված են»,- գրել է նա։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։