17 մարտի 2025 - 10:26 AMT
Ուոլցն ասել է Հաջիևին, որ պետք է ազատ արձակել գերիներին

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

Նա հավելել է, որ պետք է վերջ դրվի հակամարտությանը Հարավային Կովկասում։

«Ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ քայլ են կատարել առաջ և պայմանավորվել խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ։ Ես նրան ասացի, որ հիմա պետք է ավարտին հասցնել այդ խաղաղ գործարքը, ազատ արձակել կալանավորվածներին և միասին աշխատել տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար։

Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք անդադար կաշխատենք այդ ուղղությամբ»,- գրել է Ուոլցը։

Մարտի 13-ին Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետներն ու վայրը։ Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ հույս հայտնելով, որ փաստաթուղթը կստորագրվի հնարավորինս շուտ։

Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

Photo. Getty Images