17 մարտի 2025 - 11:50 AMT
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում, ամպրոպ. 6-9 աստիճանով կցրտի

Մարտի 18-ին հատկապես ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, մնացած շրջաններում 15-20մ/վրկ արագությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա նաև հայտնել է, որ տեղումներ են սպասվում։

«Արևն ու ջերմությունը շատ հաճելի է, բայց մեզ ջուր է պետք: Այսպիսով մարտի 18-ի երեկոյան ժամերից մինչև 22-ը հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում կդիտվեն գարնան առաջին ամպրոպները»,–գրել է նա։

Հայաստանի տարածքում մարտի 17-ին, ինչպես նաև 18-ի գիշերը, կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի կեսօրից հետո որոշ շրջաններում, իսկ մարտի 19-21-ին արդեն մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը մարտի 17-ին կբարձրանա 1-3 աստիճանով, սակայն մարտի 19-21-ին, հատկապես ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 10-12 աստիճանով։

Երևանում մարտի 17-ին և 18-ի գիշերը տեղումներ չեն սպասվում, սակայն մարտի 18-ի ուշ երեկոյան, ինչպես նաև մարտի 19-21-ին, կանխատեսվում է անձրև։

Մայրաքաղաքում մարտի 17-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 22-24 աստիճան, իսկ երեկոյան կնվազի՝ հասնելով 14-16 աստիճանի։