ՊՎԾ-ն բացահայտել է 2.2 մլրդ դրամի խախտումներով պայմանագրեր, լուծվել է 79-ը։ Հանրային (պետական) գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով Պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է դիտարկումներ իրականացնել՝ ելնելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններից։
Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի N 142-Լ հրամանով սահմանված մեթոդաբանության համաձայն՝ 2024 թվականին Ծառայությունը վերլուծություններ է իրականացրել՝ գնահատելու «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում» ընդգրկված անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց ներգրավվածությունը հանրային հատվածի գնումների գործընթացներում 2023 և 2024 թվականներին։
Ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 82 պատվիրատուի կազմակերպած 121 գնման ընթացակարգում ներգրավված են եղել 27 տնտեսվարողներ, որոնք փոխկապակցված են եղել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց հետ։ Այս տնտեսվարողները, շրջանցելով օրենքով նախատեսված սահմանափակումները, ներկայացրել են կեղծ տվյալներ ու հավաստումներ, ինչի հետևանքով կնքվել կամ նախատեսվել է կնքել ավելի քան 2 մլրդ 264 մլն դրամի պայմանագրեր՝ արդար մրցակցային պայմաններում գործող տնտեսվարողներին զրկելով հնարավոր շահույթից։
2024 թվականին ՊՎԾ-ն դիտարկել է 13,680 գնման գործընթաց, որոնցից 374-ն արձանագրվել են որպես խախտումներով ընթացակարգեր։ Դրանց շրջանակում Ծառայությունն առաջարկություններ է ներկայացրել պատվիրատուներին՝ ապահովելու օրենսդրական համապատասխանություն։ Այս վերլուծությունների հիման վրա 79 գնման պայմանագիր լուծարվել է, իսկ 24 տնտեսվարող ընդգրկվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում։ Բացի այդ, ՊՎԾ-ն հայտնաբերված խախտումների մասին տեղեկատվությունը փոխանցել է ՀՀ գլխավոր դատախազությանը, ինչի արդյունքում նախաձեռնվել է 9 քրեական վարույթ՝ 26 տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ։
Վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրվել է, որ դեռ 2010 թվականից պետական գնումների գործընթացում գործում են սահմանափակումները շրջանցելու մեխանիզմներ, որոնք շարունակաբար օգտագործվում են անբարեխիղճ տնտեսվարողների կողմից։ Այդ պատճառով 2023 թվականից Պետական վերահսկողական ծառայությունն ու Ֆինանսների նախարարությունը սահմանել են նոր կարգավորումներ՝ գնումների գործընթացում փոխկապակցված անձանց շրջանակը հստակեցնելու և նրանց մասնակցության սահմանափակման մեխանիզմները մշակելու նպատակով։
2024 թվականի ընթացքում Ծառայության վերահսկողության շրջանակում, Ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ, ամենօրյա ռեժիմով պետական գնումների պաշտոնական կայքում հրապարակվում է «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցներին փոխկապակցված անձանց ցուցակը»։ Սա հնարավորություն է ընձեռում պետական կառավարման մարմիններին լիարժեքորեն իրացնել իրենց վերապահված նախնական հսկողության գործառույթը։
«ՊՎԾ-ն հետևողականորեն իրականացնում է վերահսկողություն հանրային գնումների ոլորտում՝ բացահայտելու, կանխարգելելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը»,- նշված է ՊՎԾ հաղորդագրության մեջ։