17 մարտի 2025 - 15:49 AMT
Արթուր Խաչատրյան․ Փաշինյանն առաջինը Պուտինին է զանգել, քանի որ Արևմուտքն իր առաջնահերթություններն ունի

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը տեքստի համաձայնեցման հայտարարությունից հետո առաջինը զանգահարում ՌԴ նախագահին, ապա Իրանի և Ֆրանսիայի առաջնորդներին, Խաչատրյանն հիշեցրել է, որ նախկինում ևս, երբ ԵՄ-ին անդամակցելու «փսեվդոօրենքը» առաջին ընթերցմամբ ընդունվել էր խորհրդարանում, Փաշինյանը կրկին նախ Պուտինին էր զանգահարել։

«Կարծում եմ, Փաշինյանն էլ է հասկանում, որ Արևմուտքը հիմա ունի լրիվ այլ առաջնահերթություններ ու Եվրոպան ինքն է փորձում իր անվտանգային հարցերը լուծել՝ ԱՄՆ-ի կողմից հայտարարված նոր քաղաքականության լույսի ներքո։ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև որոշակի մերձեցում է տեղի ունենում, և այստեղ էլի եմ ասում, Հայաստանը ինչքան էլ փորձի իրեն պատռի, կարծեմ, Եվրոպան և Միացյալ Նահանգները հիմա այլ առաջնահերթություններ ունեն։ Իրենք դա շատ լավ են հասկանում»,- ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։

Պատգամավորը նաև անդրադարձել է Ադրբեջանի՝ հրադադարի խախտման վերաբերյալ պարբերաբար հնչող հայտարարություններին՝ նշելով, որ խաղաղության գործընթացի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պնդումները մոլորեցնող են։

Նրա խոսքով, որքան էլ վարչապետը ներկայացնի, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ջենտլմենական պայմանավորվածության են եկել, որ երկու երկրները տարածքային պահանջներ չունեն, իսկ ճանապարհների ապաշրջափակումը տեղի կունենա ինքնիշխանության պահպանմամբ, իրականում այդ պնդումները կեղծ են։

Պատգամավորը նշել է, որ հենց տեքստի համաձայնեցման մասին հայտարարությունից հետո Բաքուն հայտարարել է, որ խաղաղության համաձայնագիրը կնքելու նախապայման է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, ինչին հաջորդելու է արցախյան ազատամարտի մասնակիցների վերադարձի պահանջը, ապա՝ 350 հազար ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանի տարածքում։

«Սա է, Ադրբեջանը բացարձակապես որևէ մտադրություն չունի խաղաղության համաձայնագիր կնքելու, Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու»,- ասել է Խաչատրյանը։

Մարտի 14–ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։