ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ անհաջողության մասին պնդումները հիմնավոր չեն։
«Այն խաղաղության պայմանագրի հարցում չհաջողության մասին պնդում անելու առումով բավարար չէ և հիմքեր չկան։ Իմ մասնավոր կարծիքն է, որ այն արվել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունն արդարացնելու համար, երբ ասում էր, թե հայկական կողմի նկատմամբ 0-ին մոտ վստահություն կա»,- նշել է նա ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, գրում է Panorama.am-ը։
Նա այսպես է արձագանքել հարցին, թե սահմանին արձակված կրակոցների մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը կարող է արդյոք նպատակ ունենալ խոչընդոտելու խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին։
Սիմոնյանի խոսքով՝ Ալիևի հայտարարությունները տարօրինակ են, քանի որ Հայաստանի վարած քաղաքականությունը, որն ընդգծում է թափանցիկությունն ու հրապարակայնությունը, հակառակն է ապացուցում։
Նա նշել է, որ Բաքուն, տարածելով ապատեղեկատվություն կրակոցների վերաբերյալ, իր հանրության առջև փորձում է հիմնավորել Ալիևի պնդումները՝ հայկական կողմի հանդեպ վստահության բացակայության մասին։
«Մեր ընդդիմադիրներն ասում են՝ Ադրբեջանն ինչ ասում է, դուք դա եք անում։ Հիմա ստացվում է, որ մեր ընդդիմությանը հերքում է Ադրբեջանի նախագահը՝ նման մեղադրանք ներկայացնելով»,- ասել է Սիմոնյանը։
Նա ընդգծել է, որ պաշտպանության նախարարության կողքին նաև եվրոպացի դիտորդներն են հաստատել, որ հայկական կողմից կրակոցներ չեն արձակվել։
Խաղաղության և համագործակցության պայմանագրում Հայաստանի համար հնարավոր վտանգավոր դրույթների վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Սիմոնյանը վստահեցրել է, որ այդպիսի կետեր չկան։ Նրա խոսքով՝ պայմանագրի բոլոր դրույթները երկկողմանի են, և եթե որևէ կետ կարող է մեկնաբանվել որպես վտանգավոր Հայաստանի համար, ապա այն նույն կերպ վտանգավոր կլինի նաև Ադրբեջանի համար։
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:
Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։