17 մարտի 2025 - 16:52 AMT
Սիմոնյանը՝ գերիների մասին. Հուսանք՝ Ուոլցի հայտարարությանը հստակ քայլեր կհետևեն՝ թող զանգեն, պայմանավորվեն

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հստակ քայլեր է ակնկալում ԱՄՆ նոր վարչակազմից՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման համար:

Ալեն Սիմոնյանը խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցին, հույս ՝ հայտնել, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունը սոսկ հայտարարություն չի մնա, գրում է «Ազատությունը»։

«Հուսանք, որ այդ հայտարությանը կհետևեն հստակ քայլեր, և դա ուղղակի հայտարարություն չի՝ լինի հայտարարության համար։ Չգիտեմ, թող զանգեն, պայմանավորվեն՝ ոնց են մեր գերիներին, մեր մարդկանց հետ տալիս, բոլորին անխտիր՝ անկախ, որ ժամանակ են գերեվարվել»,- ասել է ԱԺ նախագահը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի ստորագրումը պայմանավորի գերիների վերադարձով, Սիմոնյանը պատասխանել է, որ նման մոտեցումը բանակցությունները փակուղի կտանի և կսրի իրավիճակը։

Ըստ նրա՝ Հայաստանը չի առաջնորդվում նախապայմանների տրամաբանությամբ, այլ հետևում է դիվանագիտական ճանապարհներին։

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ իշխանությունները բոլոր հնարավոր տեղերում ու բոլոր հնարավոր ձևերով այդ հարցը բարձրացնում ենք, եթե չի լուծվել հարցը, նշանակում է, որ ոչ թե չի բարձրացվել հարցը, այլ՝ չկա համաձայնություն։