ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ պատերազմի մասնակից հաշմանդամ զինծառայողներ են դիմել իրեն՝ դժգոհելով, որ անարդարացի որոշման պատճառով չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք գումարները։
«Նշեմ, որ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցների համար նախատեսված է 12,000 դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակիցների՝ 5000 դրամ։
Բանն այն է, որ ի տարբերություն պատերազմի մասնակից զինծառայողների, որոնք զինվորական կենսաթոշակի հետ միասին ստանում են այս պարգևավճարները, զինհաշմանդամները կենսաթոշակի անցնելիս կանգնում են ընտրության առաջ՝ կամ ստանալ հաշմանդամության կարգի համար նախատեսված գումարը, կամ 5000-12,000 դրամ կազմող պարգևավճարը։
Նշեմ, որ այդ գումարների միջև տարբերությունը չնչին է՝ ընդամենը 3000 դրամ, և նման երկընտրանքը վիրավորական է զինհաշմանդամների համար»,- նշել է նա։
Պատգամավորը հայտնել է, որ հարցը ներկայացրել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որտեղ սկզբում ընդունել են, որ որոշումը անարդարացի է և խոստացել են վերանայել այն։ Սակայն վերջերս ստացված պաշտոնական պատասխանում նշվել է, որ փոփոխություններ կատարելը նպատակահարմար չեն համարում։
«Առաջարկը բազմակողմանի քննարկվել է և դրա արդյունքներով տեղեկացվում է, որ նպատակահարմար չէ ստեղծել իրավական հիմքեր՝ Հավելվածի 5-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված պարգևավճարները միաժամանակ նշանակելու համար. Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման հավելվածում խնդրո առարկա դեպքում նպատակահարմար չէ կատարել փոփոխություններ (լրացումներ)»։
Դանիելյանը քննադատել է այս որոշումը՝ հարցադրումներ ուղղելով կառավարությանը։
«Իսկ որտե՞ղ մնացին վարչապետի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոստումները, որոնք տրվել են դեռևս տարիներ առաջ՝ զինհաշմանդամների հետ հանդիպումների ժամանակ։
Ի՞նչ է նշանակում՝ նպատակահարմար չենք համարում փոփոխությունները։ Սա՞ է պետության վերաբերմունքը պատերազմի մասնակիցների նկատմամբ»,- գրել է նա։
Նա նշել է, որ առաջարկվող փոփոխությունները մոտ 1000-1500 անձի համար նախատեսում են 12,000 դրամի աջակցություն, իսկ 7000 անձի համար՝ 5000 դրամի։
«Սա, վստահաբար, ահռելի գումար չէ, և շարունակելու եմ պահանջել, որպեսզի գրպանելու փոխարեն հատկացվեն այս մարդկանց հասանելիք գումարները»,- եզրափակել է պատգամավորը։