Երևանի Նաիրի Զարյանի անվան փողոցը կանվանակոչվի Կոստան Զարյանի անունով. որոշման նախագիծն ընդգրկված է ավագանու մարտի 18–ի նիստի օրակարգում, հայտնում է Radar.am-ը։
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է. «Այսօր պատմագիտության մեջ գերակշռում է այն տեսակետը, որ Նաիրի Զարյանը, եթե ոչ անմիջական կազմակերպիչ, ապա հաստատ գաղափարական գործիք է եղել Բակունցի և այլ գրողների նկատմամբ ստալինյան ռեպրեսիաների իրականացման գործում։
Նրա անունը կմնա երկակի նշանակությամբ․ մի կողմից՝ որպես սովետական գրող, մյուս կողմից՝ որպես անձ, որի հրապարակային մեղադրանքներն ուղիղ նպաստել են իր ժամանակակիցների ողբերգական ճակատագրերին»։
Բացի այդ, ընդգծվել է նաև բանաստեղծ, արձակագիր Կոստան Զարյանի կարևոր դերը հայ մշակույթի զարգացման մեջ, ինչպես նաև այն փաստը, որ նա տարիներ շարունակ դասավանդել է հայագիտություն ԱՄՆ-ում և արվեստի պատմություն՝ Բեյրութում։