ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի՝ մարտի 17-ին, ժամը 01:25-ից 12:55-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է ստեղծել Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման հաղորդագրությունների հետաքննության համար։ Սակայն մինչ այժմ Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել այս առաջարկին։
ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշման համաձայն՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, եթե դրա հիմնավորող փաստերը փոխանցվեն ՀՀ-ին։
Մարտի 16–ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը 3 անգամ հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության իրար հաջորդող ապատեղեկատվությունը։
ԵՄ առաքելությունն իր հերթին հանգիստ է գնահատել վիճակը Ադրբեջանի հետ սահմանին՝ նշելով, որ ոչ մի արտառոց ակտիվություն չի նկատվում: