CNN Turk-ի լրատվական ծառայության տնօրեն Իդրիս Արիկանը, Երևանում իրականացրած մեդիատուրի վերաբերյալ պատրաստած իր ռեպորտաժում «պատմական թուրքական» է որակել ինչպես մայրաքաղաքն ընդհանուր առմամբ, այնպես էլ կենտրոնում գտնվող պարսկական Կապույտ մզկիթը։ Այս արտահայտությունն անմիջապես գրավել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելի ուշադրությունը, ով այն հրապարակել է X սոցիալական հարթակում, գրում է Sputnik Արմենիան։
Իդրիս Արիկանը Երևան է այցելել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների խմբի կազմում, որոնք անցած շաբաթ հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերցրել նրանից հարցազրույց։ Նրանք Հայաստան են ժամանել հայկական կողմի հրավերով, իսկ նրանց այցը ֆինանսավորվել է ՀՀ բյուջեի միջոցներով։
Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների մեդիատուրի կազմակերպիչներից՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Գոռ Ծառուկյանը, ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, որ սկզբնական շրջանում CNN Turk-ը պատրաստել է համեմատաբար հավասարակշռված ռեպորտաժ, սակայն հետագայում ադրբեջանական կողմի ճնշմամբ նկարահանվել է երկրորդ՝ կողմնակալ և հակահայկական նյութը, որի մեջ ընդգրկվել է նաև Կապույտ մզկիթի մասին հատվածը։
Ավելի ուշ երկրորդ ռեպորտաժը հեռացվել է YouTube-ի ալիքից, սակայն շարունակում է մնալ հեռուստաալիքի պաշտոնական կայքում։