18 մարտի 2025 - 11:59 AMT
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ապրանքների դրոշմավորման համակարգի բարելավումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգին առնչվող հարցեր։

Ներկայացվել են գործընթացում առկա հիմնական խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման տարբերակները։ Ընդգծվել է, որ տարվող աշխատանքների նպատակն է ապահովել ապրանքների հետագծելիության ամբողջական համակարգ՝ ընդգրկելով բոլոր փուլերը՝ արտադրողից ու ներմուծողից մինչև սպառող։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել արդեն իրականացված աշխատանքների արդյունքների շուրջ։

Ըստ աղբյուրի՝ վարչապետը հանձնարարել է ներկայացված դիտարկումների և առաջարկությունների հիման վրա շարունակել քննարկումներն ու աշխատանքները՝ համակարգը առավել արդյունավետ դարձնելու և դրա նախատեսված նպատակներին հասնելու համար։