Մարտի 18-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի Վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, հաստատել է №24.4259 նախագիծը, որը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում»։
2024 թվականի դեկտեմբերին, խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային խորհուրդը, ընդունել էր համապատասխան բանաձև՝ կոչ անելով Շվեյցարիայի կառավարությանը նախաձեռնել խաղաղության միջազգային համաժողով՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
Նախաձեռնությանը աջակցել է 46 անդամից 29-ը՝ կողմ քվեարկելով. դրա նպատակն է Շվեյցարիայի իշխանությունների հովանու ներքո ձևավորել հատուկ հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսություն կազմակերպելու համար, հայտնում է «Արցախ միավորումը»։
Նախագիծը միտված է ապահովելու բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, կազմակերպված և արժանապատիվ վերադարձը իրենց պատմական բնակավայրեր։ Կանտոնների խորհրդի որոշումը հաջորդում է Ազգային խորհրդի՝ խորհրդարանի ստորին պալատի կողմից նույն առաջարկի ընդունմանը, որը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 17-ին։
Երկու պալատների հավանությունը ստանալուց հետո №24.4259 նախագիծը ստանում է օրենքի կարգավիճակ, ինչը պարտավորեցնում է Դաշնային խորհրդին ձեռնամուխ լինել դրա իրականացմանը։ Կանտոնների խորհրդում նախաձեռնության զեկուցողը Տիանա Անգելինա Մոզերն էր (Կանաչ Լիբերալ կուսակցություն / Ցյուրիխ), մինչդեռ Ազգային խորհրդում առաջարկի հեղինակն ու զեկուցողը եղել է Էրիխ Ֆոնտոբելը (Շվեյցարական ժողովրդական կուսակցություն / Ցյուրիխ)։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։