«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանն իր ելույթի ընթացքում անդրադարձել է Երևանի ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների կողմից «Մայր Հայաստանի» նախաձեռնած հանրային տրանսպորտի նոր սակագների քննարկման բոյկոտին։
«Սա ՔՊ-ական դասալքություն է։ Սա ցույց է տալիս, որ իրենք բովանդակային դաշտում որևէ փաստարկ չունեն։ Քաղաքային տրանսպորտը թանկացրել են բառիս բուն իմաստով թալանի նպատակով։ Մենք առարկայական ու բովանդակային բոլոր հիմնավորումները կարող ենք ներկայացնել, որ տրանսպորտի գինը 65 դրամի սահմաններում է, վատագույն դեպքում՝ 92 դրամի սահմաններում»,- ասել է Թևանյանը, հայտնում է «Առավոտը»։
Նա հավելել է, որ պատրաստվում էր ներկայացնել հաշվարկները, սակայն ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների ներկայացուցիչները լքել են նիստերի դահլիճը։
«Լքում են նիստերի դահլիճը, և սա շատ խորհրդանշական է․ ես այս նիստերի դահլիճ մտնում եմ առաջին անգամ, և քաղաքային իշխանություն փաստորեն գոյություն չունի, ճողոպրել է։ Թե ինչու են որոշել խուսափել բովանդակային քննարկումից, կարող եք ենթադրել։ Սա ցույց է տալիս, որ իրենք որեւէ առարկայական պատասխան չունեն, բառիս բուն իմաստով քաղաքացիների թալան է տեղի ունենում։ Եվ քաղաքացիները լրացուցիչ փաստարկ են ունենում՝ բոյկոտելու քաղաքային տրանսպորտը»,- նշել է Թևանյանը։
Փետրվարի 11–ին Երևանի ավագանին մերժել է ընդդիմության առաջարկը, որով նախատեսվում էր պահպանել մեկանգամյա 100 դրամ արժողությամբ տրանսպորտային ուղեվարձը։ Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում էին տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։
Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: