18 մարտի 2025 - 18:07 AMT
Սահակյան․ Վարդանյանը կարևորում է բոլոր միջոցներով խնդրի բարձրաձայնումը, մյուսները ևս ունեն այդ հնարավորությունը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ Ռուբեն Վարդանյանը, իր տեղեկություններով, ունի նույն հնարավորությունները, ինչ մյուս գերիներն ու քաղբանտարկյալները, սակայն նա օգտվում է ընտանիքի հետ ունեցած հեռախոսազանգերից՝ իր խոսքը հանրությանը փոխանցելու համար։ Այդ մասին նա ասել է News.am-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, նման իրավիճակներում ամեն ոք յուրովի է գործում, Վարդանյանն ընտրել էայդ տարբերակը, և ի սկզբանե պարզ էր, որ նա չի պատրաստվում լռել:

«Այս ընթացքում նա յուրաքանչյուր, անգամ փոքր հնարավորությունն օգտագործել է՝ հարցի մասին բարձրաձայնելու, ապօրինի դատական պրոցեսի և, առհասարակ, իրավիճակի վրա միջազգային հանրության և բոլորի ուշադրությունը հրավիրելու համար: Որքանով հասկանում եմ, նրա համար երկրորդական է, թե դրանից հետո այնտեղ ինչպես կվարվեն իր հետ: Նա կարևորում է բոլոր հնարավոր միջոցներով խնդրի բարձրաձայնումը և անգամ դրա համար դիմում է կյանքի համար վտանգավոր միջոցի՝ հացադուլի”,–ասել է Սահակյանը։

Փաստաբանը հիշեցրել է, որ հունվարի 16-ին, մինչ դատավարության մեկնարկը, Վարդանյանի ուղերձը մեծ կարևորություն է ունեցել, քանի որ նա հայտարարել էր, որ արձանագրություններն ու փաստաթղթերը կեղծվել են, և ինքը ցուցմունք չի տվել։ Սա փաստել է դատական գործընթացի անօրինական բնույթը ոչ միայն իր, այլև մյուս հայ գերիների նկատմամբ։ Այս հայտարարությանն արագ արձագանքել է Amnesty International-ը, ինչը հնարավորություն է տվել միջազգային իրավապաշտպաններին գրագետ օգտագործել այդ տեղեկությունը՝ գերիների ազատման հարցը բարձրացնելու համար։

Սահակյանը նշել է, որ Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունման վրա էական ազդեցություն են ունեցել Վարդանյանի մեկուսարանից փոխանցած հայտարարություններն ու հացադուլի ընթացքում նրա առողջական վիճակը ներկայացնող լուսանկարները։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է Վարդանյանը տեղեկանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, փաստաբանը նշել է, որ ադրբեջանական կողմը նրանց տրամադրում է ռուսալեզու «Бакинский рабочий» թերթը։ Վարդանյանը փորձել է զրպարտության հայց ներկայացնել այս թերթի դեմ, սակայն դատարանը մերժել է հայցի վարույթ ընդունումը։ Բացի այդ, նա կարող է լրացուցիչ ճշգրտել իրեն հետաքրքրող տեղեկությունների իսկությունը՝ մասնավոր փաստաբանի և ընտանիքի հետ հեռախոսազանգերի միջոցով։

«Առհասարակ, այս իրավիճակում լուրջ չեմ համարում տարբեր տեխնիկական հարցերի քննարկումն ու դավադրապաշտական տեսությունների հորինումը: Հասկանալի է, որ դրանք ոչ թե իրականություն են, այլ ավելի շատ ներսում տարբեր վարկածների, ենթադրությունների ու քննարկումների հետևանքով ձևավորված ընկալումներ, որոնք, ցավոք, հանրությանը շեղում են իրական ու կարևոր խնդրից՝ փոխանակ կենտրոնանալու և ավելի համակարգված քայլեր ձեռնարկելու: Եվ դա հատկապես այն դեպքում, երբ մենք ունենք լուրջ խնդիրներ և մի իրավիճակ, երբ մարդը կյանքի գնով փորձում է աշխարհին հասանելի դարձնել կատարվող ապօրինությունների մասին»,–ասել է նա։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։