Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմին ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի կարևորությունը։
Խորհրդարանում ունեցած իր ելույթի ընթացքում նա ընդգծել է, որ այս գործընթացը պատմական նշանակություն ունի, հայտնում է «Փաստինֆոն»։
«Հայաստանն ու Ադրբեջանը ավարտել են պատմական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Մենք ողջունում ենք այս ձեռքբերումը և կոչ ենք անում երկու կողմերին հնարավորինս շուտ անցնել ստորագրման»,- ասել է Լամմին։
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:
Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։