Միսաք Մանուշյանի հիշատակին նվիրված «Մանուշյանական շաբաթ» միջոցառումների շարքի եզրափակիչ արարողությունը տեղի է ունեցել՝ ընդգծելով նրա պայքարի, դիմադրության և ժառանգության կարևորությունը։
Այս առիթով Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել է․ «Միսաք Մանուշյանը, ազգությամբ հայ, որ վերապրել և ապաստանել էր Ֆրանսիայում և Երկրորդ աշխարհամարտի տարիներին դարձել «Դիմադրության շարժման» հերոս։ Պայքարելով նացիստական օկուպացիայի դեմ նա ցույց տվեց, որ ազատության հանդեպ սերը սահմաններ չունի», հայտնում է 1lurer.am-ը։
Դեսպանի խոսքով՝ Մանուշյանի կյանքը դարձել է արդարության և արժանապատվության համար մղվող համընդհանուր պայքարի խորհրդանիշ, իսկ նրա թողած ժառանգությունը կարևոր դեր ունի հավաքական հիշողության պահպանման, դիմադրության ու համերաշխության արժևորման, ինչպես նաև միջմշակութային երկխոսության խթանման գործում՝ ծառայելով ապագա սերունդների ոգեշնչման աղբյուր։
«Մանուշյանական շաբաթ» ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչության, ֆրանսիական Օվերն Ռոն Ալպեր տարածաշրջանի և Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ ՝ «ՍԱԹԷ - ԱԹՂԸ» թատերական միության և «ԱՐՏ - ԻՄԱԺ» մշակութային կազմակերպության կողմից: