19 մարտի 2025 - 12:22 AMT
Բաքվում «տուժածներն» ասել են, թե գիտեն Վարդանյանին ԶԼՄ–ներից և սոցցանցերից և խիստ պատիժ են պահանջել նրա համար

Բաքվի ռազմական դատարանում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատավարության ժամանակ այսպես կոչված տուժածները հայտարարել են, թե ճանաչում են Վարդանյանին ԶԼՄ–ներից և սոցցանցերից։

Նրանք նշել են, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել հրաձգային զենքից արձակված կրակոցների և ձեռքի նռնակների պայթյունների հետևանքով, երբ ծառայել են Քարվաճառի և Խոջալուի շրջաններում։

Նրանք դատարանից պահանջել են Ռուբեն Վարդանյանի համար սահմանել ամենախիստ պատիժը, գրում է Minval.az-ը։

Հարցաքննությունից հետո նրանք պատասխանել են դատախազների հարցերին, որոնք վերաբերում էին իրենց ծառայության վայրերին, այն կոնկրետ տարածքներին, որտեղ տեղի են ունեցել ռազմական գործողությունները, ինչպես նաև իրենց ստացած վնասվածքների ծանրությանը։

Հաջորդ դատական նիստը նախատեսված է ապրիլի 1-ին։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով շինծու գործով ներկայումս պահվում է Բաքվի բանտում, ընտանիքի միջոցով իր ավելի վաղ հղած աուդիոուղերձում շեշտել էր, որ իր կյանքում արել է այն, ինչ համարել է բարոյապես ճիշտ, և որ ամենադժվար պահերին էլ չի դավաճանել իր սկզբունքներին։ Նա 23 օր հացադուլի մեջ էր՝ որպես բողոքի նշան ընթացող դատական ֆարսի դեմ։

«Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է»,–ասել է նա։