Հայկական կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ որոշման ստորագրումից և դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցությունից։ Այդ մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է մինչև այս տարվա վերջ վճարել ՀԱՊԿ անդամավճարը, տեղեկացնում է Factor.am-ը։
Ավելի վաղ, ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել էր, որ եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կառույցի անդամ երկրները կարող են դիտարկել «տարբեր սցենարներ», սակայն ընդգծել էր, որ «հավանաբար, ոչ մեկին չեն վտարի»։
ԱԳՆ-ի պատասխանում նշվում է․ «Հաշվի առնելով, որ որևէ որոշմամբ պարտականության ստանձնումն իրականացվում է տվյալ որոշմանը միանալով, «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ սահմանափակ ձևաչափով ընդունված որոշման ստորագրմամբ ՀՀ-ն որևէ ֆինանսական պարտավորություն չի ստանձնել»։
Նախարարությունը նաև նշել է, որ ՀԱՊԿ-ի ներքին ընթացակարգերի համաձայն՝ կազմակերպության բյուջեի վերաբերյալ տեղեկատվությունը հանրային բնույթ չի կրում։ Այնուամենայնիվ, ԱԳՆ-ն ընդգծել է, որ բարձրացված հարցերը կարգավորվում են «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրության» և համապատասխան փաստաթղթերի դրույթներով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ նախորդ տարի France 24-ին տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունն ըստ էության սառեցված է։ Կրեմլից արձագանքել էին՝ պնդելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին որևէ պաշտոնական ծանուցում չի ուղարկել անդամակցության սառեցման վերաբերյալ։
ԱԳՆ-ից ավելի վաղ հայտարարել էին, որ Հայաստանը դադարեցրել է կազմակերպության ֆինանսավորումը և չի միանա 2023 թվականի նոյեմբերի 23-ին ընդունված՝ «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը։ Միևնույն ժամանակ, ըստ գերատեսչության, Հայաստանը չի առարկում, որ բյուջեն հաստատվի սահմանափակ ձևաչափով։
2024-ին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ընթացքում վարչապետը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և պետականության համար։