19 մարտի 2025 - 16:17 AMT
Փաշինյան. Պատրաստ եմ ստորագրությունս դնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տակ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատրաստ է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»,–գրել է նա։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։