Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին Նյու Դելիում Raisina Dialogue 2025 միջազգային կոնֆերանսի պանելային քննարկման ժամանակ նշել է, որ Վրաստանը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրին և տարածաշրջանում կայուն խաղաղությունը, հայտնում է APA-ն։
Բոչորիշվիլին նշել է, որ Վրաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև «հարաբերությունների խորացմանը՝ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման նպատակով»։
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:
Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։