19 մարտի 2025 - 18:34 AMT
ԱԳՆ-ն մերժել է տրամադրել խաղաղության համաձայնագրի տեքստը՝ առաջարկելով լսել Փաշինյանի ելույթը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչ Արաքս Մելքոնյանը հայտնել է, որ ՀՀ ԱԳՆ–ն հրաժարվել է իրենց տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը։

Փոխարենը գերատեսչությունը հորդորել է լսել Ազգային ժողովում խաղաղության պայմանագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանի ելույթը։

«Դե ինչ ասեմ՝ համաձայնագրի տեքստը տեսել են որոշ արտոնյալներ, ոմանք՝ մասամբ, իսկ այ մեր պետությանը, մեր ու մեր երեխաների իրավունքներին ու ապագային վերաբերող այս կարևոր փաստաթղթին մենք չենք կարող ծանոթանալ, միայն կարող ենք լսել ինչ-որ պարզաբանումներ՝ հակասական ու ամեն ինչ ոչնչի մասին տեքստեր։

Նորից մեզնից գաղտնի «ինչ պետք է բանակցել են» տրամաբանությամբ են առաջնորդվում այս մարդիկ, անհաշվետու ու անպատասխանատու»։

Factor TV-ի հետ զրույցում Մելքոնյանը նշել է, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հիման վրա պահանջել է համաձայնագրի ամբողջական տեքստը, սակայն ԱԳՆ-ն իր պատասխանում փաստացի մերժում է այդ հարցումը, հայտնում է Factor.am-ը։

Մելքոնյանը ընթերցել է նախարարության պատասխանը. «Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը սույն թվականի փետրվարի 12-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Ձեր կողմից բարձրացված հարցին»։ Պատասխանին կից ուղարկվել է նաև տեսագրության հղումը։

Մելքոնյանի խոսքով՝ ԱԳՆ-ն ոչ միայն չի տրամադրել փաստաթուղթը, այլև որևէ հիմք չի ներկայացրել մերժման համար։

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ծանոթանալու պետական կառույցների գործունեության վերաբերյալ տեղեկատվությանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային գրառմամբ հաստատել է, որ համաձայնագիրը վերջնական տեսքով համաձայնեցված է և սպասում է ստորագրման։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»,- գրել է Փաշինյանը։