ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիայում իր պաշտոնակից Մաուրո Վիեյրայի հետ հանդիպումից հետո հանդես է եկել մամուլի հայտարարությամբ՝ շեշտելով երկկողմ համագործակցության ընդլայնման և տարածաշրջանային կայունության հարցերը։
Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը կողմ է խաղաղությանը և պատրաստ է ստորագրել արդեն իսկ համաձայնեցված խաղաղության պայմանագիրը` միևնույն ժամանակ նշելով, որ խաղաղության հասնելու համար երկու կողմն էլ պետք է հանձնառու լինի։
Նա նշել է, որ տարածաշրջանային կայունության համար առանցքային են սահմանների սահմանազատման և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման գործընթացները։
Միաժամանակ, ՀՀ ԱԳ նախարարը հայտնել է, որ Ադրբեջանը շարունակում է խուսափել Հայաստանի առաջարկած կոնկրետ քայլերից, այդ թվում՝ սպառազինությունների վերահսկման մեխանիզմների ստեղծումից և ռազմագերիների ազատ արձակումից։
«Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի: Եթե խաղաղությունը պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության և երկխոսության մթնոլորտի ձևավորմանը»,– ասել է Միրզոյանը։
Նա հավելել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում իր արտաքին քաղաքականության ռազմավարությանը, որն ուղղված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և գլոբալ գործընկերների հետ համագործակցության խորացմանը։
Հայաստանի և Բրազիլիայի արտաքին գործերի նախարարները ընդլայնված կազմով հանդիպման շրջանակում քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները տնտեսության, առևտրի, կրթության, բարձր տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտներում։ Երկուստեք ընդգծվել է ներդրումների խթանման անհրաժեշտությունը և գործարար կապերի զարգացման ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը։
Տարածաշրջանային զարգացումների համատեքստում Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագրի արդեն համաձայնեցված տեքստը, ինչը կարող է կարևոր դեր ունենալ տարածաշրջանային կայունության ու համապարփակ խաղաղության հաստատման համար։
Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: