20 մարտի 2025 - 15:04 AMT
Աբրահամյան․ Փաշինյանի ստատուսներն ավելի խոցելի են դարձնում Հայաստանը

Վերջին օրերին Ադրբեջանը տարածում է կեղծ տեղեկություններ՝ Հայաստանի կողմից հրադադարի խախտումների մասին, ինչը ՀՀ ՊՆ-ն պարբերաբար հերքում է։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ այդ ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունը, թե ՊՆ-ին հստակ հանձնարարել է չխախտել հրադադարի ռեժիմը, կարող է ստեղծել սխալ տպավորություն։

«Երրորդ կողմի համար կարող է տպավորություն ստեղծվել, որ կա´մ հայկական կողմից իսկապես խախտումներ են եղել, և Փաշինյանը հանձնարարել է կանգնեցնել դրանք, կա´մ Փաշինյանն ակնարկում է, որ վստահ չէ, որ բանակն իր քաղաքական կուրսի շրջանակում կգործի և պնդում է իր հանձնարարականը։

Այն, որ հայկական բանակը հրադադարի ռեժիմը չի խախտել համոզված եմ, բայց այն, որ փաշինյանական ստատուսներն ավելի խոցելի են դարձնում Հայաստանը դրանում էլ առավել քան վստահ եմ։

Խաղաղություն չեն մուրում։

Խաղաղության հասնում են ճիշտ բանակցային դիրքավորմամբ, դիվանագիտական գրագետ ու ճկուն քաղաքականությամբ, երկրում արդյունավետ կառավարման համակարգի գոյությամբ, անվտանգության անհրաժեշտ միջոցառումների իրականացմամբ և պատերազմին մշտապես պատրաստ լինելով։

Այն, ինչ անում է այս իշխանությունը, երկիրը նոր փորձությունների ենթարկելն է` հասարակությանը հուսահատության, պարտվողականության և անօգնականության ուղերձներ փոխանցելով»,- գրել է Աբրահամյանը։

Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»։