Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախաձեռնությանը։
Այս փոփոխություններով նախատեսվում է, որ ձերբակալման վայրերում բժշկական զննություն կիրականացվի բոլոր դեպքերում, այլ ոչ թե միայն այն ժամանակ, երբ առկա են մարմնական վնասվածքներ, ինչպես ներկայումս է նախատեսված, հայտնում է Արմենպրեսը։
Հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունները հիմնված են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հանձնարարականի վրա, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործերով կայացված վճիռների կատարման անհրաժեշտության վրա։
Փոխնախարար Ղազարյանը նշել է, որ այս փոփոխությունների շրջանակում սահմանվում է, որ ձերբակալված անձինք պետք է բժշկական զննության ենթարկվեն ձերբակալման վայր տեղափոխվելուց առավելագույնը երեք ժամվա ընթացքում։ Իսկ կալանավորված անձանց համար այդ ժամկետը կսահմանվի 24 ժամ՝ կարանտինային բաժանմունք տեղափոխվելու պահից։
«Ձերբակալված անձինք պետք է բժշկական զննության ենթարկվեն ՁՊՎ բերվելուց ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում, իսկ կալանավորված անձինք կարանտինային բաժանմունք տեղափոխվելիս ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում»,- իր խոսքում նշել է Արմեն Ղազարյանը՝ հավելելով, որ որպես լրացուցիչ երաշխիք՝ նախատեսվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի բժշկական զննությանը մասնակցի նաև ձերբակալված կամ կալանավորված անձի կողմից ընտրված բժիշկը։
Նախագծի հարակից զեկուցող, պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշել է, որ ազատությունից զրկված անձանց բժշկական զննության հասանելիությունը մարդու իրավունքների պաշտպանության և խոշտանգումների կանխարգելման կարևոր երաշխիք է։
Արմեն Խաչատրյանը նաև կոչ է արել բոլոր պատգամավորներին և պետական պաշտոնյաներին շարունակաբար ուշադրության կենտրոնում պահել ոլորտի առկա խնդիրները և հետևողական լինել դրանց լուծման ուղղությամբ։