Գյումրիում ընտրություններից առաջ քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։
Մխիթարյանի հրապարակած տեսանյութում երևում է, որ քննիչը նրան տեղեկացրել է հրավիրվելու մասին՝ կապված 2024 թվականի մայիսին պարեկային ծառայության կողմից կազմված ակտի հետ, հայտնում է «Փաստինֆոն»։
Ըստ քննիչի՝ ակտը վերաբերում է այն հանգամանքին, որ Մխիթարյանը, իբրև թե, ավտոմեքենա է վարել առանց վարորդական իրավունքի։ Սակայն Մխիթարյանը նշել է, որ նման դեպք չի հիշում, քանի որ իր վարորդական իրավունքը մշտապես իր մոտ է եղել և որևէ նման խախտում չի կատարել։
Նա նաև նշել է, որ տեղյակ չէ, թե կոնկրետ ինչ ակտի մասին է խոսքը։
Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանը ընտրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ քաղաքում կարծես 37 թիվը լինի, վախի մթնոլորտ է, տոտալ վերահսկողություն։ Նա նշել է, որ մարդկանց, որոնք աշխատանքով օրվա հացն են վաստակում, վախեցնում են։
Գյումրիի ավագանու ընտրություններն անցկացվելու են մարտի 30–ին։