Կառավարության մարտի 20-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին:
Նա վստահեցրել է, որ մինչև նոյեմբերի 1-ը նույնականացման քարտերի թողարկման հարցը լիարժեք կլուծվի։
«Պայմանավորվել ենք, որ եթե հանկարծ կլինի դեպք, որ սահմանված ժամկետից մարդը համընդհանուր հայտարարագիր չի լրացնի նույնականացման քարտի համար դիմած լինելու և մեր պատճառով ստացած չլինելու բերումով, իր համար ոչ մի նեգատիվ հետևանք ո՛չ սոցիալական կրեդիտների մասով, ո՛չ հայտարարագրի լրացված-չլրացված լինելու մասով, չի ծագի»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։
Վարչապետն ընդգծել է, որ դրա ներդրումը միաժամանակ լուծում է մի քանի կարևոր խնդիր։
Նրա խոսքով, առաջին հերթին, այս գործընթացը մեծ խթան է թվայնացման զարգացման համար, քանի որ պետական համակարգը ստիպված է լինելու կատարելագործել թվային հարթակները։ Երկրորդը՝ համընդհանուր հայտարարագրման միջոցով պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր ենթակառուցվածք է ձևավորվում, որը, ըստ նրա, ամրապնդում է ինչպես պետությունը, այնպես էլ քաղաքացիներին։ Երրորդ կարևոր փոփոխությունը կրթական նոր ենթակառուցվածքի ձևավորումն է։
«Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման այս պրոցեսից իմ ոգևորությունը չի նվազում, որովհետև ինչքան գնում է, հասկանում եմ, որ նորանոր շերտեր են բացվում, որոնք ցույց են տալիս, որ, իրոք, շրջադարձային նշանակություն ունեցող բարեփոխում ենք անում: Ուրախ եմ, որ, ակնհայտորեն, առաջին հակադարձումից հետո հանրային ընկալումը պրոցեսի նկատմամբ օր օրի ավելի տեսանելի և նկատելի է, և դա, իհարկե, շատ ուրախացնող փաստ է: Ուզում եմ այդ առիթով իմ գոհունակությունն արտահայտել»,- ասել է նա։
ՀՀ բոլոր վարձու աշխատողները նոյեմբերի 1–ից պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրած անձը, հաշվետու տարվա ընթացքում իր կամ իր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով սոցիալական ծախսեր անելու դեպքում, կարող է օգտվել սոցծախսի փոխհատուցման հնարավորությունից։