21 մարտի 2025 - 13:00 AMT
Շոյգու. ԵՄ-ին միանալու դեպքում ՀՀ–ն ստիպված կլինի պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն զգուշացրել է, որ եթե Հայաստանը միանա Եվրոպական միությանը, նա ստիպված կլինի մասնակցել հակառուսական պատժամիջոցներին ու զենքի մատակարարմանը Ուկրաինային։

Նրա խոսքով՝ նման զարգացումները Հայաստանին ոչ միայն լուրջ տնտեսական խնդիրների առաջ կկանգնեցնեն, այլև նրան կստիպեն սահմանափակումներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, քանի որ Բրյուսելը կհամարի դա անհրաժեշտ, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Հայաստանը ստիպված կլինի միանալ Եվրոպական միության պատժամիջոցներին և զինվորական-քաղաքական որոշումներին, այդ թվում՝ Եվրոմիության ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում, ինչպես նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամին: Այս հիմնադրամը ֆինանսապես աջակցում է Ուկրաինայում նացիստական ռեժիմի զինված ուժերին»,– ասել է նա լրագրողներին։

Ինչպես նշել է Շոյգուն, այդ քայլերը ուղղված կլինեն ոչ միայն Ռուսաստանի և Բելառուսի, այլև Իրանի դեմ, որի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականի արդյունքներով գերազանցել է 737 միլիոն դոլարը։

Փետրվարի 12–ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։