21 մարտի 2025 - 15:32 AMT
Անդրանիկ Քոչարյանը չի պատրաստվում ներողություն խնդրել լրագրողից

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չի պատրաստվում ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից, որին վիրավորել էր, ասել էր՝ «շուրթերդ մաքրի»։

«Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողներին հորդորել է բոյկոտել Անդրանիկ Քոչարյանի հետ շփումը, հայտնում է Aysor.am-ը։

«Բավական է ձեններդ կտրած նստեք, այս ամենը հանգեցնելու է շատ ավելի տոտալիտար մի համակարգի»,- դիմելով լրագրողական կազմակերպություններին՝ նշել է Մանուկյանը։

Անդրանիկ Քոչարյանը, սակայն, անդրդվելի էր, նա այդպես էլ չընդունեց իր սխալն ու ներողություն չխնդրեց լրագրողից։

«Ես կրկնել եմ Բագրատ Սրբազանի ասածը, Սրբազան բառը ասում եմ միտումնավոր, ես ընդամնեը արձանագրել եմ, որ խոսքն օգտագործելուց պետք է լինի մաքուր։ Դրանում որևէ վիրավորական բան չկա, եթե սխալ բան եք հասկացել, ամեն մարդ մտածում է իր փչացածության աստիճանով»,- ասել է ՔՊ-ի ներկայացուցիչը։

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով ներքաղաքական ու արտաքին լարված իրավիճակների ֆոնին **լրագրողներին ու լրատվամիջոցներին թիրախավորելու համար։**ՀԺՄ–ն կոչ է արել խստագույն պատասխանատվության ենթարկել Անդրանիկ Քոչարյանին` «սանձարձակ պահվածք ցուցաբերելու, պատգամավորական էթիկան խախտելու, լրագրողին վիրավորելու ու վերջինիս աշխատանքը խոչընդոտելու համար»։