21 մարտի 2025 - 15:58 AMT
Պապիկյանը՝ Բաքվի ապատեղեկատվության մասին. Մինչ օրս ապացույցներ չեն ներկայացրել

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է վերջին օրերին Ադրբեջանի տարածած բազմակի կեղծ հաղորդումներին, թե իբր հայ զինվորականները տարբեր սահմանային հատվածներում կրակ են բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Նա նշել է, որ ադրբեջանական կողմը մինչ օրս ապացույցներ չեն ներկայացրել:

Խորհրդարանում լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում, անդրադառնալով այն դիտարկմանը, թե ինչու հայկական կողմը հակափաստարկներ չի ներկայացնում՝ ապացուցելու ադրբեջանական հայտարարությունների կեղծ բնույթը, Սուրեն Պապիկյանն պատասխանել է, որ չեղած բանի ի՞նչն ապացուցեն, հայտնում է Արմենպրեսը։

«Քանի որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարևաններն են, մենք ասում ենք, եթե ունեք ապացույցներ, տեսանյութեր, տրամադրեք մեզ։ Մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ։ Իսկ մենք չեղած բանի ի՞նչն ապացուցենք»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջին օրերին շարունակաբար հրապարակել է կեղծ հայտարարություններ այն մասին, թե հայաստանյան Զինված ուժերը կրակում են սահմանի տարբեր ուղղություններով տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։ Հայկական կողմը պաշտոնապես հերքել է այդ պնդումները՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Մարտի 17-ին հերթական նման հայտարարությունն արձագանք է ստացել նաև Հայաստանում տեղակայված Եվրոպական միության դիտորդական առաքելության կողմից։ Դիտորդները հայտարարել են, որ մարտի 16-ին և 17-ին պարեկային դիտարկումներ են իրականացրել մի շարք սահմանային հատվածներում, և արձանագրել են, որ իրավիճակը մնում է կայուն ու խաղաղ, որևէ անսովոր շարժ կամ լարվածություն չի նկատվել։