ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի արդյունքներով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (The World Council of Churches) հանդես է եկել Ադրբեջանում պահվող հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու մասին հայտարարությամբ:
«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորը մտահոգություն է հայտնում հայ բանտարկյալների շարունակական ապօրինի կալանքի վերաբերյալ: Մարդկանց պատանդ վերցնելն ու պահելը միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ Ժնևի կոնվենցիայի լրջագույն խախտում է»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Aysor.am-ը։
Նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանն առանց իրավական հիմքի գերեվարել է առնվազն 23 հայ քաղաքացիների, որոնց թվում եղել են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ՝ նախկին և գործող պաշտոնյաներ ու զինծառայողներ։
«Նրանցից շատերը, ինչպես փաստագրել են մարդու իրավունքների կազմակերպությունները, ենթարկվել են խոշտանգումների և նվաստացնող վերաբերմունքի
Մենք վերահաստատում ենք ապօրինի կալանավորված բոլոր անձանց անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելու պահանջը: Անձանց երկարատև կալանքը, որն ուղեկցվում է իրավական պաշտպանության խախտումներով, խաթարում է տարածաշրջանում կայուն խաղաղության և հաշտեցման ջանքերը»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ Մարդու իրավունքների խորհուրդը պետք է բոլոր միջոցներով նպաստի հայ գերիների ազատ արձակմանը։ Միաժամանակ կոչ է արվել բոլոր ներգրավված կողմերին լիարժեք կատարել իրենց պարտավորությունները՝ միջազգային իրավունքի սահմաններում։
«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն իր համերաշխությունն է հայտնում Հայ եկեղեցուն և ժողովրդին, ինչպես նաև այս իրավիճակից տուժած բոլոր մարդկանց, և վերահաստատում է արդարության ու խաղաղությանն ուղղված իր հանձնառությունը», - ասվում է հայտարարության մեջ։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։