ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը հայտնել է, որ Հովիկ Աղազարյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու համաձայնություն ստանալու վերաբերյալ ԱԺ ներկայացված դատախազության միջնորդագրերում ոչ մի հիմնավորում չկա, որ Աղազարյանը կաշառք է վերցրել, հայտնում է «Փաստինֆոն»։
«Հովիկ Աղազարյանն ԱԺ իր ելույթում մանրամասն կներկայացնի և կբացահայտի, թե ինչու են իր հետևից ընկել, բնականաբար՝ դա քաղաքական է, ոչ թե՝ քրեական», – հավելել է նա։
ՀՀ գլխավոր դատախազությունը խորհրդարանին դիմել է՝ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համաձայնություն ստանալու նպատակով։ Միջնորդությունը վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող այն գործին, ըստ որի՝ Սլավիկ Կարապետյանն իր աներոջ խնդրանքով դիմել է Սլավիկ Պողոսյանին, որպեսզի վերջինս 200–300 հազար դոլարով կազմակերպի առանց կամ կեղծ փաստաթղթերով կենդանիների արտահանումը՝ Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ։
Ըստ գործի տվյալների՝ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Աղազարյանը նշված անձանց հետ մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ իբրև համաձայնություն է տվել։ Այս դրվագով Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Բացի այդ, 2024 թվականի նոյեմբերի 27-ին Քննչական կոմիտեի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա պարզվել է, որ Արամ անունով անձը, ըստ տեսաձայնագրությունների, պնդել է՝ մաս-մաս տվել է 23,000 դոլար և 300,000 դրամ ԱԺ պատգամավորին, որպեսզի կազմակերպի վթարային դպրոցի քանդման և այդ տարածքում նոր դպրոցի և բնակելի շենքի կառուցման թույլտվության հարցերը։
Հակոբ Ճարոյանի խոսքով՝ այս բոլոր դեպքերում միջնորդագրերում որևէ ուղիղ նշում կամ ապացույց չկա, որ կաշառքը ստացել է հենց Աղազարյանը։
«Միջնորդագիրը կարդալիս պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է երկու անձանց զրույցի, որոնցից ոչ մեկը Աղազարյանը չէ, իսկ երբ խոսքը հասնում է Աղազարյանին, խոսում են պարտքի չվերադարձման մասին՝ ոչ թե կաշառքի», – ասել է նա։
Ինչ վերաբերում է դպրոցի գործին, Ճարոյանը նշել է, որ Աղազարյանը դեռ 2023 թվականի դեկտեմբերին հաղորդում է ներկայացրել խարդախության վերաբերյալ, սակայն քննիչը մերժել է քրեական վարույթի նախաձեռնումը։
«Հովիկ Աղազարյանն ԱԺ իր ելույթում մանրամասն կներկայացնի և կբացահայտի, թե ինչու են իր հետևից ընկել, բնականաբար՝ դա քաղաքական է, ոչ թե՝ քրեական», – հավելել է նա։
Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր, որ մերժում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը՝ վայր դնել մանդատը, ինչից մեկ օր անց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը որոշել էր նրան հեռացնել կուսակցությունից՝ հղում անելով կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքի և բարոյական նորմերի խախտման պատճառներին։