22 մարտի 2025 - 13:04 AMT
Ալավերդու նախկին համայնքապետը ՍԴ-ում կվիճարկի ՔՊ-ի գործողությունների օրինականությունը

Ալավերդու նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը հայտարարել է, որ պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու իր պաշտոնանկության գործընթացի և ՏԻՄ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործողությունների օրինականությունը։

«ՔՊ»-ն պատրաստվում է 2026թ.- ի ընտրություններին և ինտենսիվ զավթում է ՏԻՄ իշխանությունները, եւ այն ինչ կատարվել է Ալավերդու համայնքապետի պաշտոնը զավթելու ուղղությամբ, այդ համատեքստում է»,- ասել է, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա նշել է, որ Ալավերդի համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը բոյկոտել է ավագանու նիստերը՝ որպես բողոք ՔՊ-ի գործողությունների դեմ, ինչից հետո իշխող կուսակցությունը որոշել է մանդատներից զրկել ընդդիմադիր 9 անդամներին, այդ թվում՝ հենց իրեն։

«ՔՊ»-ում հավանաբար մտածել են, որ առայժմ չենք մասնակցում նիստերին, բայց հնարավոր է այլ քայլեր ձեռնարկենք, իսկ մենք հայցերով դիմել ենք դատարան, ու հիմա էլ պատրաստվում ենք Սահմանադրական դատարան դիմել», - հավելել է նա։

Թամազյանի փոխանցմամբ՝ իրենց խմբակցության բոլոր անդամները ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ, իսկ այն երկու անձինք, ովքեր հրաժարվել են դրանից, միացել են ՔՊ-ի նախաձեռնությանը։ Արդյունքում, ըստ նրա, համայնքում իշխելու է միայն ՔՊ-ն՝ ամբողջությամբ դուրս մղելով ընդդիմությանը և խախտելով ժողովրդավարության սկզբունքները։

Արկադի Թամազյանը հիշեցրել է, որ 2022 թվականի ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունն իր առաջնորդությամբ հաղթել է «ՔՊ»-ին և ձևավորել կոալիցիա «Հայ ազգային կոնգրես»-ի հետ՝ ստանձնելով համայնքի կառավարումը։ Նրա խոսքով՝ իշխանությունները անմիջապես անցել են ճնշումների և հետապնդումների, այդ թվում՝ համայնքում տարբեր ոլորտներում ստուգումներ իրականացնելու և անձնական ահաբեկումների տեսքով։

«Իհարկե, տեսնում եք, թե ՀՀ-ում ինչ է կատարվում ՏԻՄ ոլորտում և ոչ միայն ՏԻՄ ոլորտում, «ՔՊ»-ն անմիջապես սկսեց ապօրինությունները՝ բառի բուն իմաստով քաղաքական տեռորը, ինչն արտահայտվեց բազմաթիվ ձևաչափերով՝ ստուգումներ համայնքում տարբեր ոլորտներում, ահաբեկումներ, թե Մամիկոն Ասլանյանի օրինակն աչքիս առաջ ունենամ, կկալանավորեն, բայց չտրվեցինք իրենց սպառնալիքներին ու շարունակեցինք աշխատել։ Իրենք անցան ավելի կոշտ միջոցների արդեն մեկ տարի հետո»,- նշել է նա։

Թամազյանը տեղեկացրել է, որ ՔՊ-ի գործողությունների դեմ արդեն ներկայացված են հայցեր դատարաններ, սակայն դրանք մերժվել են։ Նրա խոսքով՝ գործի քննությունը եղել է միանշանակ քաղաքական և չի ապահովել արդարության մթնոլորտ։

«Գիտեք մեր դատական համակարգի վիճակը, մաքուր քաղաքական դատավարություն էր, հայցը չբավարարվեց, իսկ հայցը համայնքի ընտրված ղեկավարին իր պաշտոնում վերականգնելու մասին էր», – նշել է նախկին համայնքապետը։

Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Գյումրիում և Փարաքարում կարող է կիրառվել նույն մեխանիզմը, եթե այնտեղ ևս ընդդիմադիր ուժերը հաղթեն ՏԻՄ ընտրություններում։

««ՔՊ»-ին օդի ու ջրի պես անհրաժեշտ է ՏԻՄ-երում իշխանություն ունենալ՝ 2026 թ.-ի ընտրություններին ընդառաջ՝ վերարտադրվելու համար», – ընդգծել է Թամազյանը։

Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրություններն անցակցելու են մարտի 30–ին։