Ադրբեջանի դեսպանատունը դիմել է Պրահայում անցկացվող One World Human Rights Festival-ի կազմակերպիչներին՝ պահանջելով ծրագրից հանել ֆրանսահայ ռեժիսոր Ալեքսիս Պազումյանի «Սև այգի» փաստավավերագրական ֆիլմը, որը նվիրված է Արցախին, հայտնում է Auroranews-ը «Ակն ընդ ականի» վրա հղումով։
Նամակի միջոցով Ադրբեջանը փորձել է կանխել ֆիլմի հանրային ցուցադրությունը, սակայն փառատոնի կազմակերպիչները մերժել են այդ պահանջը։
«Սև այգի» ֆիլմը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի երեք սերունդների պատմությունը։
Ֆիլմում արտացոլված են պատերազմի թողած հետևանքները, գյուղի բնակիչների վերադարձն ու առօրյան, ինչպես նաև 2020 թվականի պատերազմի ազդեցությունը։ Պատմությունները բացահայտում են հակամարտության անվերջանալի շրջափուլը, մարդկային ճակատագրերի ողբերգական իրականությունը և կորստի ցավը։
Ֆրանսահայ ռեժիսոր Ալեքսիս Պազումյանի «Սև այգի» ֆիլմն ընդգրկվել է Չեխիայում անցկացվող 27-րդ ամենամյա «Մեկ աշխարհ» ֆիլմերի միջազգային փառատոնի «Տեղեկացված լինելու իրավունք» անվանակարգում։