Բողոքի ակցիա է իրականացվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ընդդեմ Հայաստանում գործող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների։
Ցույցին մասնակցող քաղաքացիները՝ ձեռքին տարբեր գրություններով պաստառներ, հանդես են եկել հետևյալ ուղերձներով՝ «Ո՛չ Պենտագոնի կենսաբանական ռազմաբազաներին Հայաստանում», «Ո՛չ մահաբեր ԱՄՆ ռազմական կենսաբանական լաբորատորիաներին», «ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաները սպառնալիք են Հայաստանի համար», «Deep State»–ի ներկայացուցիչ Քրիստինա Քվին, հեռացի՛ր Հայաստանից» և այլ շեշտադրումներ, հայտնում է Sputnik Արմենիան։
Ակցիայի ընթացքում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն ասաց, որ քանի դեռ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի նման դիվանագետներ կան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած կառավարությունը կշարունակեն մնալ իշխանության։
«Մենք ասում ենք, որ Հայաստանը չպետք է լինի կենսաբանական լաբորատորիաների փորձադաշտ, առավել ևս, որ մեր հարևան Իրանի վերևում են ամպերը խտանում։ Ուստի մենք ասում ենք, որ ՀՀ–ում գործող 13 լաբորատորիաները պետք է դուրս բերվեն մեր երկրից»,– ասել է Նահապետյանը։
Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին ղեկավար Գրիգոր Գրիգորյանը իր խոսքում ընդգծել է, որ վերջերս հրապարակված մի նյութում USAID-ի նախկին աշխատակիցը տեղեկացրել է մեկ այլ աշխատակցի որոշ գործողությունների մասին, որոնք իրականացվել են կենսաբանական ռիսկերի նվազեցման ծրագրի շրջանակում։ Գրիգորյանի խոսքով՝ նշված աշխատակիցը նախազգուշացրել է այդ գործողությունների հնարավոր վտանգների մասին։
«Մեր երկրի տարածքում կասկածելի գործողություններ են կատարվում, և փորձաքննության դեպքում կարող է պարզվել, որ խախտվում են «Կենսաբանական զենքի կոնվենցիայի որոշ դրույթներ։ ԱՄՆ նոր վարչակազմը կոշտ դիրքորոշում է որդեգրել մարդկության և կենդանական աշխարհի առողջությանը սպառնացող փորձերի վերաբերյալ։ Այժմ Թրամփի ուշադրությունն եմ հրավիրում այն գործողությունների վրա, որոնք կատարվում են ԱՄՆ կենսաբանական ռիսկերի նվազեցման ծրագրերի շրջանակում ՀՀ տարածքում։ Այդ ծրագրերը պետք է փորձաքննության ենթարկվեն»,– նշել է Գրիգորյանը։
Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից՝ Ալլա Հակոբյանը, տեղեկացրել է, որ նախատեսվում է ստորագրահավաք սկսել՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին անցանկալի անձ ճանաչելու նպատակով։ Նա հորդորել է ամերիկահայերին նման ստորագրահավաք նախաձեռնել նաև ԱՄՆ-ում՝ ուղղված ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի դեմ, նշելով, թե վերջինս որևէ բան չի արել հայության համար ու պետք է հեռացվի այդ երկրից։
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ մարտի 24-ին մտադիր են նամակ փոխանցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին՝ ներկայացնելով իրենց մտահոգությունները։
Բողոքի ցույցի ընթացքում մասնակիցները դժգոհություն են հայտնել նաև այն փաստի առթիվ, որ ԱՄՆ դեսպանատունը մինչև այժմ որևէ արձագանք չի տվել 2024 թվականի հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնություններին։