Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը, անդրադառնալով ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի խաղում Վրաստանից կրած 6:1 հաշվով պարտությանը, ներողություն է խնդրել հայ ժողովրդից և երկրպագուներից, հայտնում է «Փաստինֆոն»։
Նախորդ խաղում Վրաստանի հավաքականը հաղթանակ է տարել 3։0 հաշվով։
«Երբ հանդիպումը սկսում ես այդպես, երրորդ րոպեին գոլ ընդունելով, հետո երկրորդը, երրորդը, մի շարք դրվագներում լինելով ոչ պրոֆեսիոնալ՝ կորցնելով հաճախ գնդակը, այդպիսին պետք է լինի արդյունքը։
Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից, երկրպագուներից։ Այսպիսի արդյունքն անընդունելի է»,- ասել է Հայաստանի հավաքականի մարզիչը մամուլի ասուլիսի ժամանակ։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ ֆեդերացիայի ներկայացուցիչներն, ազգային հավաքականը և մարզչական շտաբը հանդես են եկել միասնական հայտարարությամբ՝ պատասխանելով վերջին արդյունքներին։
«Ներողություն ենք խնդրում այս արդյունքների համար»,- ասել է Մելիքբեկյանը՝ փոխանցելով այդ համատեղ ուղերձը, հայտնում է Factor.am-ը։
Նա հավելել է, որ եկել են այն եզրակացության, որ պատրաստ են ընդունել այս մարտահրավերը։
«Բոլորիս անունից ասում եմ՝ ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքների համար, բայց երկար զրույցից հետո խոստացել ենք միմյանց և համոզվել ենք, որ կարող ենք որպես մի թիմ առաջ գնալ՝ անկախ այն նեգատիվից, որ ֆուտբոլի նկատմամբ լինում է։ Մենք պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, այդ նեգատիվը, մեր խնդիրները ներսում լուծել և հունիսին ներկայանալ միանգամայն այլ վիճակում»,- ասել է Մելիքբեկյանը լրագրողների հետ հանդիպմանն ընթացքում։
Հայաստանի ազգային հավաքականը պարտություն է կրել Վրաստանի ընտրանու հետ խաղում՝ 6:1 հաշվով։ Հայաստանի հավաքականի միակ գոլը երկրորդ խաղակեսում խփել է Էդգար Սևիկյանը։ Այս արդյունքով Հայաստանի թիմը պահպանել է իր տեղը C դիվիզիոնում, իսկ Վրաստանի հավաքականը տեղափոխվել է B դիվիզիոն։