Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանի հնարավոր խոշտանգման գործով ՀՀ իրավապահները ոչ թե սկսել են պատշաճ քննություն, այլ ճնշումների են ենթարկել նրա պաշտպանին՝ Ռոման Երիցյանին։
Բեգլարյանը կասկածներ ունի, որ իշխանություններն արցախցիների դեմ արշավի նոր ալիք են մեկնարկում,։
«ՀՀ իրավապահ մարմինները փոխանակ լուրջ հետաքննություն սկսեն Տիգրան Ուլուբաբյանի քստմնելի խոշտանգման հիմնավոր ահազանգի վերաբերյալ, ակնհայտ հետապնդումներ են սկսել նրա փաստաբան, հայտնի արցախցի իրավապաշտպան Ռոման Երիցյանի դեմ։
Լուրջ կասկածներ ունեմ, որ իշխանությունները մեկնարկում են արցախցիների դեմ արշավի նոր ալիք՝ հաշվի առնելով նաև մեր ընթացիկ համախմբումն ու առաջիկա արդարացի բողոքի ակցիաները»,–ասվում է գրառման մեջ։
Նա կոչ է արել քաղաքացիներին միանալ բողոքի ակցիային՝ հավելելով, որ ինքը ևս կմասնակցեր, եթե գտնվեր Հայաստանում։
ՀԱԵ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանի հրավերով, Բեգլարյանը ջատագովության մի շարք հանդիպումներ է ունեցել Լոնդոնում՝ քաղաքական ու կրոնական ղեկավարության և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բեգլարյանը նաև ելույթ է ունեցել Դանիայի խորհրդարանում։