24 մարտի 2025 - 14:27 AMT
ԱԳ փոխնախարար․ Անցյալում էլ, երբ ունեցել ենք մի քայլ առաջ, միշտ Ադրբեջանից եղել են բարդություններ, պրովոկացիաներ

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով դիտարկմանը, թե չնայած համաձայնեցված փաստաթղթին` Բաքուն շարունակում է նախապայմանների լեզվով խոսել, և թե այս պարագայում Հայաստանն ինչպես է պատկերացնում գործընթացի շարունակությունը, ասել է, որ դա նոր գործելաոճ չէ։

«Անցյալում էլ, երբ ունեցել ենք մի քայլ առաջ, միշտ այն կողմից եղել են բարդություններ, պրովոկացիաներ, երբեմն դիտվում է երկու քայլ հետ, այսինքն՝ նոր գործելաոճ չէ սա», հայտնում է 1lurer.am-ը։

ԱԳ նախարարի տեղակալը խոսեց նաև արձագանքների մասին, այն, որ արդեն 58 երկիր, 10 միջազգային կազմակերպություններ ողջունել են գործընթացը, շատերը նշել են Հայաստանի կարևոր դերն այս հարցում:

«Մենք նաև հայտարարեցինք, որ պատրաստ ենք քննարկել ստորագրման հետ կապված բոլոր գործընթացները: Այդ հայտարարությանը դեռևս չկա արձագանք»,- ասել է նա:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Ադրբեջանի հայտարարություններն ու քայլերն ավելի կտրուկ ու սադրիչ բնույթ են ստացել վերջին շրջանում՝ փոխնախարարը հաստատել է, որ իրավիճակն ունի շարունակական բնույթ։

«Սա նոր գորճելաոճ չէ: Թե՛ անցած տարի, թե՛ նախանցած տարի բազմաթիվ էին նման հայտարարությունները, որ Հայաստանը խախտում է զինադադարը, ինչ-որ գործողություններ է կատարում:

Հիմա, իհարկե, շատ կարևոր գործիք ունենք, դիտորդներն են, որոնք արձագանքեցին թե՛ այս դեպքում, թե՛ նախկինում, և միջազգային հանրությունը գիտակցում է, որ կեղծ հայտարարությունները չեն նպաստում որևէ դրական գործընթացի»,–ասել է դիվանագետը։

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը վերջնականացված է և պատրաստ է ստորագրման։ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել սկսել բանակցություններ Ադրբեջանի հետ՝ պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։

Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։