24 մարտի 2025 - 14:31 AMT
Իմամօղլուն առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Ստամբուլի կալանավորված և ժամանակավորապես աշխատանքից հեռացված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։

Մարտի 23–ին տեղի ունեցած կուսակցական ընտրություններին մասնակցել է 15 միլիոն քաղաքացի, որոնցից 13.2 միլիոնը իրենց ձայնն է տվել միակ թեկնածու Իմամօղլուին, գրում է Deutsche Welle-ն։

Կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը դիմել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կոչ անելով նշանակել արտահերթ ընտրություններ և մասնակցել դրանց՝ մրցելով Իմամօղլուի հետ։

Նույն օրը Ստամբուլի քաղաքապետարանի շենքի առջև հավաքվել են տասնյակ հազարավոր ընդդիմության կողմնակիցներ՝ բողոքելով Իմամօղլուի դեմ քրեական հետապնդման դեմ։

«Իմամօղլուն մի կողմից բանտում է, մյուս կողմից՝ ճանապարհին դեպի նախագահություն», – ասել է Օզելը հանրահավաքի ժամանակ։

Ինչպես հաղորդում է Milliyet պարբերականը, ցուցարարները փորձել են բարիկադներ կառուցել և բախվել են ոստիկանության հետ։ Արդյունքում, ըստ աղբյուրի, բերման է ենթարկվել 66 մարդ, հինգ ոստիկան ստացել է վնասվածքներ։

Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին՝ հանցավոր խմբավորման ղեկավարության և կոռուպցիայի մեղադրանքով։ Նրա նկատմամբ բացված է նաև ահաբեկչության հետ կապված գործ, մասնավորապես՝ արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեղադրանքով։ Իմամօղլուն հերքել է բոլոր մեղադրանքները։

Մարտի 21-ին և 22-ին նրան մի քանի ժամ շարունակ հարցաքննել են։ Մարտի 23-ի առավոտյան դատարանը որոշել է կալանավորել։ Ավելի ուշ Թուրքիայի ՆԳ նախարարությունը հայտարարել է նրա պաշտոնավարումից ժամանակավոր ազատման մասին։

Մարտի 19-ից ի վեր Թուրքիայի տարբեր քաղաքներում շարունակվում են Իմամօղլուի քրեական հետապնդման դեմ բողոքի ակցիաները։ Հարյուրավոր ցուցարարներ են բերման ենթարկվել։ Ստամբուլի իշխանությունները խստացրել են արգելքը՝ հավաքներ անցկացնելու վերաբերյալ։ Եվրոպայի խորհուրդը խիստ դատապարտել է քաղաքական գործչի կալանավորումը և կոչ է արել Անկարային՝ անհապաղ ազատ արձակել նրան։