24 մարտի 2025 - 15:55 AMT
«Անկախ դիտորդը» մի շարք խնդիրներ է գրանցել Գյումրիում և Փարաքարում քարոզարշավի ժամանակ

«Անկախ դիտորդ» դաշինքը, որի կազմում են «Ուղղակի ժողովրդավարություն», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունները, երկարաժամկետ դիտարկում է իրականացնում մարտի 30-ին կայանալիք Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների շրջանակում։

Դիտարկման ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ։

Մասնավորապես, մարտի 13-ին և 14-ին «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանը հրապարակել է տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես է Գյումրիի փողոցներում իրականացվում անվճար խճապատում (շիբինապատում)՝ իր անունից։ Նման գործողությունը, ըստ էության, միաժամանակ դիտարկվում է որպես ընտրողներին անվճար ծառայություն մատուցում, բարեգործություն և քարոզչություն։ Քանի որ սա մտնում է ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի գործողության տակ, դաշինքը դիմել է դատախազություն՝ պահանջելով հարուցել քրեական վարույթ և տալ իրավական գնահատական Մարտուն Գրիգորյանի գործողություններին։

Մարտի 16-ին պարզ է դարձել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավից առաջ տեղադրված առնվազն հինգ գովազդային վահանակ (բիլբորդ) չի հանել, որոնք քարոզարշավի ընթացքում պետք է լինեն միայն ԿԸՀ վիճակահանությամբ նախատեսված վայրերում՝ հավասար պայմաններ ապահովելով բոլոր մասնակիցների համար։ Բացի դրանից, նույն օրը նաև հայտնաբերվել են ՔՊ-ի մի քանի տասնյակ, ինչպես նաև «Մեր քաղաքը» դաշինքի մի քանի մեծ պաստառներ, որոնք ապօրինի կերպով փակցված են բազմաբնակարան շենքերի վրա։ Քանի որ այս գործողությունները խախտում են Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի համապատասխանաբար 6-րդ և 2-րդ մասերը, դաշինքը դիմել է Գյումրու համայնքապետարան և ԿԸՀ՝ պահանջելով անհապաղ հեռացնել ապօրինի փակցված գովազդները։

Մարտի 19-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմակերպել է հանդիպում ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանի հետ։ Հանդիպմանը հրավիրված են եղել այն քաղաքացիները, ովքեր տարբեր խնդիրներով հերթագրվել էին քաղաքապետի ժ/պ Սարիկ Մինասյանի ընդունելությանը։ Ըստ ահազանգերի՝ Սարիկ Մինասյանը, օգտագործելով իր պաշտոնը, շահարկել է քաղաքապետարան դիմած անձանց անձնական տվյալները՝ մասնավորապես՝ հեռախոսահամարները՝ նրանց նախընտրական հանդիպման հրավիրելու նպատակով։ Այս դեպքը, ըստ դիտորդների, հակասում է թե Ընտրական օրենսգրքին, թե «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին։ «Անկախ դիտորդը» պատրաստվում է դիմել ԿԸՀ և Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ պահանջելով պատժել այս գործողության հեղինակներին՝ համապատասխանաբար Ընտրական օրենսգրքի 40.8 հոդվածի 2-րդ մասի և 189.17 հոդվածի 1-ին մասի համաձայն։

Մարտի 21-ին «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է հայ-ռուսական տնտեսական համաժողով։ Այս միջոցառման ժամանակ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Օլեգ Մատվեյչևը հայտարարել է, թե Գյումրիի ընտրությունները ռազմավարական նշանակություն ունեն Ռուսաստանի համար, ինչպես նաև նշել է, որ ՌԴ իշխող ուժը սատարում է «Մայր Հայաստան» դաշինքին։ Այս հայտարարությունների վերաբերյալ «Անկախ դիտորդ» և «Ականատես» առաքելությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով այդ քայլերի ապօրինությունը և դրանք որակել որպես երկրի ներքին գործերին միջամտություն։ «Անկախ դիտորդը» պատրաստվում է դիմել ԿԸՀ՝ պահանջելով տուգանել քարոզչությանը ներգրավված օտարերկրյա անձանց՝ Ընտրական օրենսգրքի 40.8 հոդվածի 2-րդ մասի հիմքով։

Նախընտրական գործընթացի մեկ այլ կարևոր դիտարկման վերաբերյալ, «Անկախ դիտորդ» դաշինքը նշել է, որ իրենց գործընկեր «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ն, որը նախկինում համատեղ դիտորդական առաքելություններ է իրականացրել, այժմ որոշ կապ ունի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի հետ։ Այս կապի մասին դաշինքի մյուս անդամները տեղյակ չեն եղել։ Ընդգծելով դիտորդական առաքելության անաչառությունը և բարեվարքության սկզբունքները՝ դաշինքը հայտարարել է, որ «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ն չի ներգրավված ներկայիս դիտորդական աշխատանքներում։