24 մարտի 2025 - 16:18 AMT
ԵՄ արձագանքը ՀՀ անդամակցության հարցում սպասվում է օրենքի ընդունումից հետո

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին, թե արդյո՞ք ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծի հետ կապված որևէ պաշտոնական արձագանք կա ԵՄ գործադիր մարմիններից, ասել է, որ Բրյուսելում, ամենայն հավանականությամբ, սպասում են օրինագծի ընդունմանը երկրորդ ընթերցմամբ՝ համապատասխան արձագանքներ տալու համար։

«Պաշտոնական արձագանքը միայն Հայաստան- Եվրամիության խորհրդարանական համագործակցության կոմիտեի ընդունած փաստաթղթերում, որոշումներում էին։ Պաշտոնական դիրքորոշումը, ինչպես պաշտոնապես հայտնել են եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունից, սպասում են օրենքի ընդունմանը»,- ասել է Հովհաննիսյանը, հայտնում է Panorama.am-ը։

Ի պատասխան, Արմեն Գևորգյանը նշել է. «Քանի որ ես գիտեմ ԵՄ աշխատանքի ոճը, աշխատելաձևը, ըստ էության, իրենք երբեք չեն սպասում երկրորդ, երրորդ ընթերցումներին, եթե կա քաղաքական որոշում, իրենք այդ քաղաքական որոշումն ի սկզբանե կամ ողջունում են, կամ ընդառաջում են, կամ դրական են արձագանքում, կամ չեն արձագանքում»։

ԵԺ եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի քվերակությամբ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծն ընդգրկվել է լիագումար նիստերի օրակարգ, որը մեկնարկելու է մարտի 25-ին:

Օրինագիծը Ազգային ժողով է ներկայացվել «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության միջոցով և արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ՝ փետրվարի 12-ին։ Իշխող ուժի ներկայացուցիչների հավաստմամբ՝ օրինագծի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ հանրաքվեի անցկացում, այլ արտահայտում է քաղաքական որոշման կամքը։