Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանին 2025թ. փետրվարի 14-ի հերթական և նույն ամսվա 19-ի արտահերթ նիստերով վաղաժամկետ դադարեցրել է ընդդիմադիր խմբակցությունների ավագանու 7 անդամի լիազորությունները: Նրանց փոխարեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավագանու մանդատը տվել է համապատասխան ընտրացուցակների հաջորդ համարի թեկնածուներին:
Լիազորությունները դադարեցված ավագանու անդամները դիմել են Վարչական դատարան՝ իրենց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումները ոչ իրավաչափ և անվավեր ճանաչելու պահանջով, հայտնում է «Հետքը»։
Մասնավորապես դադարեցվել է «Քաղաքացու որոշում» խմբակցության ավագանու անդամներ Աննա Ավետիսյանի և Ավագ Ասատրյանի լիազորությունները, ինչպես նաև «Հանրապետական» խմբակցությունից՝ Մարինե Գրիգորյանի, Գևորգ Դավթյանի, Անի Հարութունյանի, Դավիթ Դավթյանի և Ջիվան Մարգարյանի լիազորությունները:
Որպես լիազորությունների դադարեցման հիմք նշված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից»:
Աննա Ավետիսյանը նշել է, որ լիազորությունների դադարեցման գործընթացում ընթացակարգային խախտումներ են թույլ տրվել։ Նա ընդգծել է, որ 14.02.2025 թվականի ավագանու նիստի օրակարգում իր կամ այլ ընդդիմադիրների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման նախագիծ նախապես ներառված չի եղել՝ ոչ համայնքի պաշտոնական կայքում, ոչ էլ «Ազդարարում»։
Այսինքն՝ նիստից առնվազն յոթ օր առաջ համապատասխան փաստաթուղթ չի տրամադրվել, ինչը հակասում է օրենսդրական պահանջին։ Ըստ Ավետիսյանի, հարցը օրակարգ է մտցվել հենց նիստի օրը՝ համայնքի ղեկավարի առաջարկությամբ՝ հենվելով նրա մասնակցության ցուցանիշի վրա, որի համաձայն նա 4-րդ նստաշրջանի 7 նիստից ներկա է եղել միայն 3-ին։ Նշված նիստին Ավետիսյանը չի մասնակցել։
Ավետիսյանն ընդգծել է, որ իրենց խմբակցության ներկայացուցիչները չեն ընդգրկվել մշտական հանձնաժողովներում՝ բարձրաձայնելով ավագանու կանոնակարգի և օրենքի միջև առկա անհամապատասխանությունները, մասնավորապես՝ հանձնաժողովների կազմի հետ կապված։ Դրանից հետո նրանք դիմել են Սյունիքի մարզպետարան, որտեղ խախտումը արձանագրվել է, սակայն կանոնակարգի փոփոխությունից հետո ընդդիմադիր անդամներն այդպես էլ հանձնաժողովներ չեն ընդգրկվել։ Ավետիսյանը եղել է «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցության» ներկայացուցիչ և որևէ մշտական հանձնաժողովում չի ընդգրկվել։
Նա նաև նշել է, որ պաշտոնավարման ընթացքում համայնքի ղեկավարի որոշումներն իրեն չեն տրամադրվել, և որևէ հնարավորություն չի ստեղծվել հանդիպումներ կամ քննարկումներ կազմակերպելու համար՝ չտրամադրելով համապատասխան սենյակ կամ դահլիճ՝ ո՛չ իրեն, ո՛չ խմբակցության այլ անդամներին։
Նախկին ավագանու անդամը հիշեցրել է, որ 2024-ի հոկտեմբերի 24-ին համայնքի ղեկավարի ընտրության նիստի ժամանակ, որին ներկա է եղել նաև Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչը, ինքը հրապարակավ բարձրաձայնել է, որ խոչընդոտվում է ընդդիմադիր անդամների լիազորությունների և պարտականությունների իրականացումը։ Այդ նիստում նա դիմել է նորանշանակ համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելանին՝ ստեղծելու անհրաժեշտ պայմաններ, որպեսզի ընդդիմադիրները լիարժեք կարողանան մասնակցել հանձնաժողովների նիստերին և իրականացնել իրենց լիազորությունները։ Այս մտահոգությունները ներկայացված են նաև նրա հացադիմումում։
«Սիսիան համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմը, Ավագանու «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության ավագանու անդամները շարունակել են ոչ իրավաչափ գործողություններով և անգործությամբ փաստական անհնարինություն ստեղծել Ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամների և, մասնավորապես, ավագանու անդամ Աննա Ավետիսյանի համար ավագանու անդամի լիազորությունների և պարտականությունների կատարման առումով»,- նշված է հայցադիմումում։
Աննա Ավետիսյանը նաև նշել է, որ ավագանու նիստերին մասնակցել են միայն ձևականորեն՝ առանց հնարավորություն ունենալու խոսելու կամ հարց ուղղելու. բոլոր ելույթները հետաձգվել են նիստի ավարտից հետո, երբ արդեն հարցրել են՝ «ինչ էիք ասում, դե ասեք»։
Նրա գնահատմամբ՝ այս սահմանափակումներն առավել սուր են արտահայտվել նախկին համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի պաշտոնավարման ընթացքում։ Նա հույս է ունեցել, որ վերջինիս հրաժարականից հետո, 2024 թվականի հոկտեմբերին, նոր ղեկավարը կփոխի մոտեցումները, սակայն դրական փոփոխություններ չեն նկատվել։
Սիսիանում լարված մթնոլորտը երկար ժամանակ է՝ շարունակվում է։ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին նոր ընտրված ավագանին իր առաջին նիստում համայնքի ղեկավար է ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանին։ Սակայն ՔՊ-ն չունենալով մեծամասնություն, միայն Նախշուն Յազուլյանի՝ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունից աջակցությամբ է կարողացել ապահովել անհրաժեշտ ձայները։ Հոկտեմբերի 15-ին և 18-ին նախատեսված ավագանու նիստերը՝ երդման արարողության համար, չեն կայացել՝ քվորումի բացակայության պատճառով։ Հետևաբար, Արմեն Հակոբջանյանը պաշտոնը չի ստանձնել։
Դրանից հետո Կառավարությունը որոշել է լուծարել ավագանու լիազորությունները և նշանակել նոր ընտրություններ։ 2023–ի մարտին կայացած նոր ընտրությունների արդյունքում Արմեն Հակոբջանյանը կրկին ընտրվել է համայնքի ղեկավար, սակայն արդեն 2024-ի հոկտեմբերին ներկայացրել է հրաժարականի դիմում՝ ՔՊ կուսակցության վստահության կորուստի պատճառով։