Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վրացական ֆուտբոլի զարգացմանը՝ նշելով, որ 10-12 տարի առաջ վրացական ֆուտբոլը խոր ճգնաժամ էր ապրում։
Նա կարևորել է Լևան Կոբիաշվիլիի աշխատանքը Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։
«2025 թվականի հոկտեմբերին կլրանա ճիշտ 10 տարի այն պահից, երբ Լևան Կոբիաշվիլին ստանձնեց Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ Դեռ 10-12 տարի առաջ վրացական ֆուտբոլը խոր ճգնաժամ էր ապրում։ Այն ժամանակ մասնագետները միաձայն հաստատում էին, որ Հայաստանի հավաքականը զարգացման մակարդակով առաջ է։ Այժմ պատկերը լրիվ այլ է։ Տասնամյակի ընթացքում Կոբիաշվիլիի թիմը, պետական լուրջ աջակցության շնորհիվ, իրականացրել է արմատական բարեփոխումներ և ամբողջությամբ փոխակերպել վրացական ֆուտբոլը։
Թե ինչպես դա հաջողվեց անել, ես մանրամասն գրել էի դեռ մինչև այն պահը, երբ Վրաստանի հավաքականը դուրս եկավ Եվրո-2024 և այնտեղ իսկական ֆուրոր առաջացրեց: Հիմա ուզում եմ շնորհավորել Լևան Կոբիաշվիլիին և նրա թիմին վերջին 10 տարիների ընթացքում կատարած փայլուն աշխատանքի համար։ Վրաստանի հավաքականի խաղը պարզապես այս լայնածավալ փոփոխությունների սառցաբերգի գագաթն է և տորթի վրա դրված բալը։
Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի խաղում Երևանում պարտություն է կրել Վրաստանի ընտրանուց 0։3 հաշվով, իսկ պատասխան խաղում՝ Թբիլիսիում պարտվել է 1։6 հաշվով։ Հայաստանի հավաքականի միակ գոլը երկրորդ խաղակեսում խփել է Էդգար Սևիկյանը։ Այս արդյունքով Հայաստանի թիմը պահպանել է իր տեղը C դիվիզիոնում, իսկ Վրաստանի հավաքականը տեղափոխվել է B դիվիզիոն։