ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն ԱԺ-ում «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում մասնավոր անձը 3 թիկնապահից ավելի չի կարող ունենալ։
Նա հավելել է, որ թիկնապահները պետք է գտնվեն նույն մեքենայում՝ առանց հավելյալ ուղեկցող մեքենաների, հայտնում է Sputnik Արմենիան։
«Մենք չենք բացառում, որ երկու–երեք տրանսպորտային միջոցներով կարող են երթևեկել նաև ընկերները, ընտանիքի անդամները։ Մենք այս հանգամանքը կարող ենք դիտարկել, եթե զգանք որոշակի վտանգ կամ կասկած՝ իրավախախտման կամ հանցագործության առևերույթ հատկանիշների առկայության դեպքում։ Այդ ժամանակ մենք այլ գործիքակազմով կհակազդենք իրավիճակին»,- ասաց Մկրտչյանը։
Նա նշել է, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է ունենալ առավելագույնը 3 պահնորդ, քանի որ ընտանիքը համարվում է պահպանվող անձ։
Փոխնախարարը նաև նշել է, որ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքը ընդունվել է 2012 թվականին, սակայն մինչ այժմ փոփոխություն չի ենթարկվել։
Մկրտչյանն ասել է, որ ըստ իրենց դիտարկումների, շատ պահնորդական կազմակերպություններ գրանցված են, սակայն իրականում այդ կազմակերպությունները չեն իրականացնում իրենց գործունեությունը։ Ըստ նրա՝ ՀՀ-ում գրանցված է մոտ 200 պահնորդական կազմակերպություն, որոնցից միայն 20-30-ն են կայուն գործունեություն ծավալում։
«Կան կազմակերպություններ, որոնք մեկ պահնորդ են գրանցում, որակավորում նրան, զենք տալիս և իրականում մասնավոր շահ հետապնդում, այլ ոչ թե կոնկրետ գործունեություն ծավալում»,- նշել է Մկրտչյանը։
Փոխնախարարը նաև նշել է, որ գործող օրենքը թույլ չի տալիս պատշաճ վերահսկողություն ծավալել՝ պարզելու, թե ծառայությունը կատարվում է պատշաճ, թե ոչ։ Մկրտչյանը տեղեկացրել է, որ նախարարությունն առաջարկում է բարձրացնել պետական տուրքերը, երբ գործողությունը ենթարկվում է չարաշահումների բացահայտմանը։ Նախկինում պետական տուրքն ընդամենը 500 հազար դրամ էր։
Բացի այդ, Մկրտչյանն անդրադարձել է, որ որոշ կարևոր օբյեկտների պահպանության իրավունքը հանվել է ոստիկանությունից և հունվարի 1-ից փոխանցվել մասնավոր կազմակերպություններին։