Ազգային ժողովի մարտի 25-ի նիստում ՇՄ նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ներկայացրել է էկոպարեկային ծառայության մասին օրենքում նախատեսվող փոփոխությունները։ Նա նշել է, որ նախագծով նախատեսվում է ապահովել էկոպարեկի սոցիալական երաշխիքը և ներդնել դրամական օգնության ինստիտուտ։
«Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում ծառայողի ընտանիքի անդամներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում ծառայողին տրվելու է միանվագ դրամական օգնություն։ Կառավարությանը տրվել է նաև լիազորություն՝ ծառայողի զոհվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում տրվող միանվագ դրամական օգնության չափն ու վճարման կարգը սահմանելու համար»,- ասել է Մկրտչյանը, հայտնում է 1lurer.am-ը։
Հարակից զեկուցող Դավիթ Դանիելյանը, անդրադառնալով էկոպարեկների ծառայության որակին, նշել է, որ նրանք հանձնում են բարդ քննություններ, և ակնկալվում է, որ այդ գործընթացի արդյունքում էկոպարեկների ծառայության որակը կբարձրանա։