25 մարտի 2025 - 16:48 AMT
Սիմոնյան․ Երևի մի փոքր անսպասելի էր Ադրբեջանի համար մեր կողմից ստորագրելու առաջարկը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ կարգավորման հնարավորությանը, ասել է, որ չի կարծում, թե փակուղի է մտել գործընթացը:

«Երևի թե մի փոքր անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից ստորագրելու և այդ տրամաբանության մեջ առաջ շարժվելու առաջարկը: Կարծում եմ, որ այդ կրակոցները առանձին հետաքննության առիթ են և կարող են առանձին հետաքննության առիթ հանդիսանալ՝ երկկողմ, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի թե՛ հրապարակումների հետ կապված, թե՛ հետագայում հնարավոր հրապարակումների հետ կապված, որևիցե մեխանիզմ լինի, որ հնարավոր լինի նման բաներից խուսափել»,- նշել է ԱԺ նախագահը, հայտնում է 1lurer.am-ը։

Անդրադառնալով հարցին, թե ինչն է նման արձագանք առաջացրել Բաքվում, Սիմոնյանն այս տեսակետն է ներկայացրել.

«Ես նույնիսկ այդ տպավորությունն ունեմ անցյալի հետ կապված: Ադրբեջանական կողմի մոտ նույնիսկ տպավորություն է եղել, որ իրենք կարող են ի սկզբանե ինչ-որ բանի համաձայնել՝ իմանալով, որ հայերը մեկ է՝ չեն համաձայնելու, միջազգային կառույցների, մասնակիցների մոտ այդ տպավորությունն անելու համար գործելաոճ է: Դա իմ անձնական տպավորությունն է եղել: Նպատակը այս պայմանագրի քննարկման մեջ եղել է ինչ-որ արդյունքի հասնելու, այլ ոչ թե խոսակցությունը հավերժ շարունակելու մեջ»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մի քանի օր շարունակ տարածել է ՀՀ զինված ուժերի կողմից իբր իրականացված կրակոցների մասին անհիմն տեղեկություններ։

Պաշտպանության նախարարությունն իր հերթին վերահաստատել է, որ համաձայն ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշման՝ պատրաստ է քննարկել և ուսումնասիրել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության փաստարկները՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։