Ազգային ժողովը վավերացրել է եկամուտների կրկնակի հարկումից խուսափելու մասին ՀՀ-Հոնկոնգ համաձայնագիրը՝ ուղղված կայուն հարկային դաշտ ստեղծելուն։ Կողմ է քվեարկել 96 պատգամավոր, ձեռնպահ՝ 1-ը։
Փաստաթուղթը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 24-ին Երևանում։ Այն նպատակ ունի կանխել եկամուտների կրկնակի հարկումը և կողմերի բիզնեսի համար ստեղծել կայուն ու կանխատեսելի հարկային միջավայր։
Ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը կնպաստի Հայաստանի ու Հոնկոնգի միջև ապրանքների, կապիտալի, տեխնոլոգիաների և մարդկային ռեսուրսների փոխանակման աշխուժացմանը։
Համաձայնագիրը միջազգային փաստաթուղթ է, ունի գերակայություն Հայաստանի ազգային օրենսդրության նկատմամբ և հազվադեպ է ենթարկվում փոփոխության։ Այն ներառում է նաև կողմերի հարկային մարմիններին անձնական տվյալների փոխանցման դրույթ՝ հարկային թափանցիկությունը բարձրացնելու նպատակով։
Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2023 թվականին Հայաստանի և Հոնկոնգի միջև առևտրաշրջանառությունն կազմել է մոտ 855 մլն դոլար։
Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի այն պահին, երբ կողմերը կփոխանակեն վավերացման մասին դիվանագիտական ծանուցագրերը։