26 մարտի 2025 - 15:24 AMT
Խամոյանը` դատախազին. Քաղաքական պատվեր եք կատարում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ԱԺ-ում Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննարկման ժամանակ արձանագրել է, որ դահլիճում գտնվող ցանկացած մարդ հասկանում է, թե ինչ է այդտեղ կատարվում:

Նա մեղադրել է գլխավոր դատախազին քաղաքական պատվեր կատարելու մեջ:

«Ընդդիմությունը դրա մասին բարձրաձայնում է, իշխանական պատգամավորները, բնականաբար, լռում են: Հովիկ Աղազարյանը հրաժարվել է կատարել Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը»՝ մանդատը վայր դնելու մասով, և դուք եկել եք նրա հետևից»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Պատգամավորը նաև հետաքրքրվել է, թե ինչու իշխանության պարագայում վարույթ չի հարուցվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորի անձնական հեռախոսային խոսակցությունները դարձել են մի ամբողջ թիմի քննարկման թեմա։

Դատախազը պատասխանել է. «Ես քաղաքական հայտարարություններ չեմ անում: Կրկնում եմ՝ ես ներկայացրել եմ միջնորդագիր: Միջնորդագրին չվերաբերող որևէ դիրքորոշում չեմ հայտնելու»։

Ի պատասխան Խամոյանը շեշտել է. «Դուք քաղաքական հայտարարություն չեք անում, բայց քաղաքական պատվեր եք կատարում»:

Ազգային ժողովը քննարկում է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը, որը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։